Հարավային Կորեայի խորհրդարանը Բան Կի Մունին թույլատրել է առաջադրվել նախագահի թեկնածու

Հարավային Կորեայի Ազգային ժողովի (խորհրդարան) փորձագիտական խումբը եկել է այն եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կկարողանա պետական բարձր պաշտոն զբաղեցնել, չնայած այն բանին, որ համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձեւերից մեկը հանձնարարում է դա չանել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունվարի 30-ին Սեուլից հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, Ազգային ժողովի Հետազոտությունների ծառայությունը (NARS) ուսումնասիրել է ՄԱԿ-ի ԳԱ-ի 1946 թվականի բանաձեւը, որը որպես փաստարկ են օգտագործում Հարավային Կորեայի նախագահի պաշտոնի համար Բան Կի Մունի թեկնածության հնարավոր առաջադրման հակառակորդները:

Հետազոտությունների խորհրդարանական ծառայության զեկույցը պնդում է, որ բանաձեւը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարին միայն առաջարկում է պաշտոնաթողությունից հետո պետական բարձր պաշտոններ չզբաղեցնել, բայց չի արգելում դա անել: Դրա հետ մեկտեղ, փորձագետները հաստատել են, որ իրոք դեռ չի եղել մի դեպք, որ այլ երկրներից ՄԱԿ-ի նախկին ղեկավարները կառավարական պաշտոններ զբաղեցնեն կազմակերպությունից հեռանալուց հետո:

Բան Կի Մունն այս ամսին Նյու Յորքից վերադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո: Քանի որ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը երկրի նախագահ Պակ Կըն Հեին իմպիչմենտ է հայտարարել խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով, Բան Կի Մունին սկսել են համարել նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում