«Հայկական Ժամանակ». Կառավարությունում առայժմ չեն հստակեցրել սպասվող ներդրումները բիզնեսին ուղղելու մեխանիզմները

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, կառավարությունում առայժմ չեն հստակեցրել այն մեխանիզմները, որոնցով պետք է սպասվող ներդրումային ռեսուրսները ուղղեն բիզնեսին: Խոսքն առաջին հերթին հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մասին է:

«Խնդիրն այն է, որ ցանկացած բիզնեսի մեջ ներդրումներ անելու համար պետք է գնահատվեն այդ բիզնեսի հեռանկարները, պարզվի մոտավոր շահութաբերությունը, ռիսկերը և այլն: Ով պետք է գնահատի, դեռ պարզ չէ: Այս հարցը կարևորագույն նշանակություն է ձեռք բերել պոտենցիալ ներդրողների շրջանում և հիմնական խոչընդոտներից է հիմնադրամի ձևավորման գործում:

Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումները բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով՝ վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները՝ չափազանց բարձր: Հստակություն չկա նաև ավելի խոշոր՝ ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում:

Ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին: Ստեղծված իրավիճակում ներդրողները մտավախություն ունեն, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ներդրումային ծրագրերում ներդրումներ չանելու դեպքում իրենց գումարները կփոշիանան»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում