Բան Կի Մունը չի առաջադրի իր թեկնածությունը Հարավային Կորայի նախագահի ընտրություններում

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ մտադիր չէ հավակնել Հարավային Կորայի նախագահի պաշտոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել է հարավկորեական YTN հեռուստաալիքը: Բան Կի Մունի հայտարարությունը հնչել է խորհրդարանում փետրվարի 1-ին անցկացված մամուլի ասուլիսում՝ պահպանողական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո: 

Ավելի վաղ ՄԱԿ-ի 72-ամյա նախկին գլխավոր քարտուղարը պաշտոնական հայտարարություններ չԷր արել նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, սակայն քանիցս ակնարկել էր դրա հնարավորությունը: Հարցման համաձայն, հունվարի կեսերին Բան Կի Մունը երկրորդ տեղում էր հայտնվել Հարավային Կորայի նախագահական ընտրությունների հնարավոր ֆավորիտների շարքում: Վարկանիշը ձայների 31 տոկոսով գլխավորել էր ընդդիմության նախկին առաջնորդներից մեկը՝ Մուն Չժե Ինը, իսկ Բան Կի Մունը նրանից հետ էր մնացել 11 տոկոսային կետով:

2016 թվականի վերջին Բան Կի Մունը թողեց իր պաշտոնը՝ 10 տարի որպես ՄԱԿ-ի ղեկավար աշխատելուց հետո: Նրա տեղն զբաղեցրել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը:

Նախքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելը, Բան Կի Մունը 2004-2006 թվականներին զբաղեցրել է Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի պաշտոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում