«Հայկական ժամանակ». Վարդանիկ. «ՀՀԿ-ն է ինձնից հեռացել»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ), որ օրերս «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, թե 5 տարի առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյանի դաշինքի» ցուցակով, այս պահին ՀՀԿ անդամ է։ Այդ մասին մեր հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը թերթին տեղեկացրել է, որ Ղուկասյանից կուսակցությունը ստանալու դիմում դեռևս չեն ստացել:

Թերթը զրուցել է Վարդանիկի հետ:

– Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ 5 տարի առաջ դուրս եք եկել կուսակցությունից, ՀՀԿ-ից ասում են Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամ է։

– Դիմումը տվել եմ, ուղարկել եմ, հանգիստ եղեք։

– Ե՞րբ։

– Երկու օր առաջ։ 5 տարի առաջ էլ էի տվել, երկու օր առաջ էլ եմ տվել։

– Ասում են՝ չունենք դիմում։

– Այստեղ մարզային խորհրդից հարցրեք, դիմումները տվել ենք, պիտի տանեն հասցնեն Երևան։

– Անդամագրվո՞ւմ եք որևէ այլ կուսակցության։

– Ոչ։

– Իսկ ինչո՞ւ եք դուրս գալիս։

– Ես չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել, 5 տարի առաջ հեռացել է ինձնից, ես էլ իրենից։

– Արդեն հստակ պայմանավորվե՞լ եք «Ծառուկյան դաշինքի» հետ, որ ընտրություններին մասնակցելու եք նրանց ցուցակով։

– Այո, այո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում