Մոլդովան ԵԱՏՄ-ից դիտորդի կարգավիճակ կխնդրի հուշագրի ստորագրումից հետո

Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ պաշտոնական առաջարկությամբ հանդես կգա համագործակցության հուշագրի ստորագրումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններից հետո Դոդոնը հայտարարել է, թե կցանկանար, որ Մոլդովան դառնա ԵԱՏՄ-ի դիտորդ, եւ հանդես է եկել Քիշնեւի ու ինտեգրացիոն այդ միավորման միջեւ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ավելի վաղ նա հայտարարել է, որ հուշագիրը, ինչպես սպասվում է, կարող է ստորագրվել ապրիլին Քիշնեւում:

Նրա խոսքով՝ Մոլդովայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության մասին շրջանակային հուշագրի ստորագրումից հետո Քիշնեւը պաշտոնապես հանդես կգա դիտորդի կարգավիճակ ստանալու առաջարկությամբ, «որովհետեւ արդեն մայիսին ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարների նիստում կարող է որոշում ընդունվել Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ»:

Մոլդովայի նախագահը Բրյուսելում բանակցություններ է անցկացրել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում