Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը աչալրջորեն հետևում է Լապշինի գործի զարգացումներին

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն աչալրջորեն հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու դեպքի շուրջ զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանում Իսրայելի փոխդեսպան Ամիր Ռոմը:

«Մենք աչալրջորեն հետևում ենք Լապշինի գործի զարգացումներին»,– հայտնել է Ռոմը` նշելով, որ դեսպանատունը դիվանագիտական ու հյուպատոսական ուղիներով սերտ կապի մեջ է հետաքրքրված կողմերի հետ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում