Դուք պետք է միջամտեք. Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետին

Դուք պետք է միջամտեք. Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետին

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` խնդրելով դիմել Բաքվի իշխանություններին իր ամուսնուն ազատ արձակելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լապշինի կինը` Եկատերինան, ընդգծել է, որ «Պանդորայի արկղը բացվ ած է, որն իրական վտանգ է ցանկացած բլոգերի, լրագրողի կամ սովորական ճանապարհորդի համար»:

Ստորև ներկայացնում ենք Լապշինի կնոջ դիմումը Իսրայելի վարչապետին: Դիմումը տեղադրված է նաև Change.org-ում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստորագրել հայտարարության տակ:

«Հարգարժան պարոն վարչապետ,

Որպես պետության ղեկավար` Դուք միջազգային մեծ ազդեցություն ունեք, հետևաբար կարող եք և պետք է օգնեք Իսրայելի քաղաքացուն, ով ծառայել է երկրի պաշտպանության բանակում և այժմ հայտնվել է բարդ իրադրությունում: Դուք ազատ եք արձակել Գիլադ Շալիթին` նրա համար բարձր գին վճարելով: Ձեր եղբայրն ընկել է Էնթեբբեում իսրայելցիներին և հրեաներին փրկելու գործողության ժամանակ,-գրել է Լապշինի կինը՝ նշելով, որ եկել է ժամանակն օգնելու բլոգերի և լրագրողի, ով իր լրագրողական պարտականությունը կատարելու հետևանքով ընկավ ադրբեջանական բանտ: -Հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները, համատեղ ռազմական և տնտեսական ծրագրերը` Դուք ունեք հնարավորություն հաստատակամ պահանջով դիմելու նախագահ Ալիևին և օգնելու իսրայելցուն հայտնվել ազատության մեջ:

Սա խիստ վտանգավոր նախադեպ է, եթե այս ամենի նկատմամբ փակենք աչքերը, ապա ապագայում շատ իսրայելցիներ կարող են նման իրադրության պայմաններում հայտնվել վիճելի տարածքներ և անգամ Երուսաղեմում մեր տարածքներ կամ Գոլանի բարձունքներ այցելելու հետևանքով, որոնք միջազգային հանրությունը իսրայելական չի համարում:

Մենք հասկանում ենք, որ ձեր ուշադրությունը սևեռված է գլոբալ հարցերի վրա, ինչպես իրանական սպառնալիքը, սակայն սեփական երկրի քաղաքացիներին օգնություն տրամադրելը պակաս կարևոր չէ, քանի որ մենք մերոնց չենք լքում` ոչ միայն մարտի դաշտում, այլ ամենուր:

Մենք ակնկալում ենք ձեր միջամտությունը, քանի որ Դուք կարող եք: Եվ Դուք պետք է միջամտեք»:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում