«Ժողովուրդ». Հրայր Անտոնյանը սպառնացել է, որ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ Արաբկիր թաղապետարանի աշխատակիցներից։ Նրանք դժգոհում են, որ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցներին անգամ աշխատանքային ժամերին է ստիպում գնալ և զբաղվել ՀՀԿ-ի շտաբային աշխատանքներով՝ հօգուտ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակ։

«Ավելին՝ Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցների մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե հաջորդ թաղապետն ինքն է լինելու և սպառնացել է՝ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»։ Այս իրավիճակն ուշագրավ է այն իրողության համատեքստում, որ դեռևս փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ադմինիստրատիվ ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում։ Բայց արի ու տես, որ այս հրահանգը ոչ բոլորն են ականջին օղ արել»,-գրել է թերթը՝ հավելելով, որ մեկնաբանությունների համար դիմել են ՀՀ կառավարություն, որտեղից խոստացել են արձագանքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում