Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն է տվել «Մագնիտսկու օրենքի» նմանօրինակին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել օրինագծի այն ուղղումներին, որոնք ընդլայնում են կառավարության լիազորությունները մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում եւ նման են ԱՄՆ-ում գործող «Մագնիտսկու օրենքին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Independent-ը:

Օրինագծի ուղղումները, որոնց հեղինակներ են դարձել ութ քաղաքական կուսակցություններ ներկայացնող 50 խորհրդարանականներ, կառավարությանը թույլ են տալիս Մեծ Բրիտանիայում արգելափակել անշարժ գույքի այն սեփականատերերի ակտիվները, որոնք աշխարհի որեւէ երկրում խախտում են մարդու իրավունքները: Եթե սեփականատիրոջ մեղքն ապացուցվի, նրա դեմ կարող են սահմանել տնտեսական պատժամիջոցներ եւ արգելել մուտքը Միացյալ Թագավորություն:

Լորդերի պալատի կողմից օրինագծի հաստատման դեպքում Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհում երրորդ երկիրը, որը Մագնիտսկու անունն օգտագործում է պատժամիջոցների մշակման եւ կիրառման համար, նշում է ՌԻԱ Նովոստին: Բացի ԱՄՆ-ից, 2016 թվականից համանման օրենք է գործում Էստոնիայում: Բացի այդ, համանման օրինագծեր են քննարկվում Եվրամիության եւ Կանադայի խորհրդարաններում:

2012 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկու ակտը» անհատական պատժամիջոցներ է սահմանում մի քանի տասնյակ ռուսաստանցիների նկատմամբ: Փաստաթուղթը կոչվել է Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու ազգանվամբ, որը 2009 թվականին մահացել է «Մատրոսսկայա տիշինա» մոսկովյան հետաքննչական մեկուսարանում, եւ ուղղված է նրա մահվան մեղսակցության մեջ կասկածվող անձանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում