Գերմանիայի ԱԳՆ տեղեկություն չի ստացել Էրդողանի այցի վերաբերյալ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական Անկարան որևէ դիմում չի ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի և հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում կամ մինչև սահմանադրական հանրաքվեն տեղեկություն չկա Թուրքիայի նախագահի կողմից Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ: «Դիվանագիտական կանոնների համաձայն` նմանատիպ այցելությունների մասին ժամանակին տեղյակ են պահում, սակայն մինչ օրս նման տեղեկատվություն չի ստացվել»,- հայտարարել է նա:

Գերմանական Bild պարբերականը, հենվելով դիվանագիտական շրջանակներում ունեցած տեղեկությունների վրա, հայտնել է, որ Էրդողանը մայիսին այցելելու է Գերմանիա և սահմանադրական հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում:

Գերմանիայի ներսում բողոքի մեծ ալիք է սկսվել` ընդդեմ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպվելիք հանրահավաքի: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը պաշտպանել է երկրամասի ներքին գործերի նախարարի մտահոգություններն այն մասին, որ Էրդողանի հնարավոր հանրահավաքը պետք է արգելել:

Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է բացեիբաց հայտնի, որ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ Էրդողանի այցը Գերմանիա ցանկալի չէ: Գերմանիայի ներգաղթի, փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը տեսակետ է հայտնել այն մասին, որ «նման հավաքները թունավորում են Գերմանիայի մթնոլորտը, վնասում են խաղաղ համակեցությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում