Ֆիյոնի կուսակցությունը հաստատեց նրա կարգավիճակը նախագահի ընտրություններում

Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ղեկավարությունը արտակարգ նիստում հաստատել է նախագահական ընտրություններում Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությունը պաշտպանելու իր դիրքորոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Նման որոշում է ընդունվել՝ չնայած Ֆիյոնի շուրջը ծավալված սկանդալին՝ կապված ծառայողների աշխատավարձի համար հատկացվող պետական միջոցների ոչ նպատակային ծախսմանը:

Կուսակցության ղեկավար Բեռնար Ակուայեն ընդգծել է, որ կուսակցությունը միասնական դիրքորոշում ունի Ֆիյոնի ընտրարշավին աջակցելու հարցում:

Մարտի 6-ին ավելի վաղ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն հրաժարվել է «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: «Այսօր կուսակցության միասնությունն ապահովելն էլ ավելի բարդ խնդիր է, քան մի քանի ամիս առաջ: Այժմ արդեն չափազանց ուշ է առաջադրել իմ թեկնածությունը,- ասել է Ժյուպեն:- Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ այս ընտրություններում թեկնածու չեմ լինի»:

Իր հերթին Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում