Բրիտանացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Շոտլանդիայում երկրորդ հանրաքվեին

Բրիտանացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Շոտլանդիայում երկրորդ հանրաքվեին

Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sky news բրիտանական հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական հարցման արդյունքներին:

Դրանց համաձայն, երկրորդ հանրաքվեի հեռանկարին բացասաբար է վերաբերվել հարցվածների 65 տոկոսը, դրականորեն՝ 30 տոկոսը, եւս 5 տոկոսը չեն կարողացել միանշանակ պատասխան տալ:

Հեռուստաալիքի հետազոտական ծառայությունը հրապարակել է նաեւ հարցման արդյունքները շոտլանդացիների շրջանում, որտեղ հանրաքվեի «դեմ» եւ «կողմ» ձայները բաժանվել են 53 տոկոս առ 46 տոկոս հարաբերակցությամբ, եւս 1 տոկոսը չի կողմնորոշվել:

Հարցումն այս տարվա մարտի 13-ին սմս-հաղորդագրությունների միջոցով անցկացվել է հեռուստաալիքի 1203 դիտողների շրջանում:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նախօրյակին հայտարարել է, որ ինքը կխնդրի տարածաշրջանային խորհրդարանի թույլտվությունը անկախության շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու համար, քանի որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել «Brexit»-ին եւ ցանկանում է մնալ Եվրամիության կազմում:

Սթերջենի խոսքով՝ ինքը կցանկանար քվեարկությունն անցկացնել 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում:

Շոտլանդիայում համաձայն չեն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Շոտլանդացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել է միությանը Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու օգտին:

Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել էր, որ Շոտլանդիայի կառավարությունն սկսել է օրենսդրական բազայի նախապատրաստումը անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել է Մեծ Բրիտանիայից անկախանալու շուրջ:

Անկախության կողմնակիցներն այն ժամանակ պարտվեցին. շոտլանդացիների 55,3 տոկոսը դեմ քվեարկեց Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում