Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոն ստարտափներին եւ թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում

Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոն ստարտափներին եւ թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ մարտի 15-30-ը կազմակերպվելիք տոնական միջոցառումների շրջանակում մարտի 23-ին կանցկացվի «Ֆրանկոֆոն ստարտափները եւ թվային նորարարությունը» խորագրով տնտեսական հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Հանդիպումը նպատակ ունի դիտարկել թվային տեխնոլոգիաների զարգացման մարտահրավերները, վեր հանել խնդիրները ֆրանկոֆոն տարածքում եւ ներկայացնել նորարարական լուծումներ ու ծառայություններ: Միջոցառմանը մասնակցելու են ինֆորմատիկայի ոլորտի մասնագետներ, գիտաշխատողներ, ընկերություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ եւ այլն:

15 օրվա ընթացքում անցկացվելիք միջոցառումներն անդրադառնալու են տարբեր ոլորտներին՝ կինո, գրահրատարակչություն, էկոնոմիկա եւ այլն: Այս տարվա կենտրոնական թեմա են ընտրվել նորագույն եւ թվային տեխնոլոգիաները, որին նվիրված է լինելու միջոցառումներից 5-ը՝ էլ-հարթակին նվիրված համաժողով, համացանցի բառապաշարի վերաբերյալ ֆրանսերեն լեզվի մրցույթ, սմարթֆոնների համերգ եւ այլն:

Միջոցառումների շրջանակում մարտի 20-26-ը անցկացվելու է նաեւ ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն, որը ներառելու է բազմաժանր ֆիլմեր՝ կատակերգություններ, վավերագրական ժապավեններ եւ այլն, իսկ արդեն մարտի 21-ին Gout de France միջոցառմանը 5 մայրցամաքներից շուրջ 2000 ավագ խոհարարներ կներկայացնեն ֆրանսիական խոհանոցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում