«Փաստ». Վարուժան Բաբաջանյան. Ով փորձում է իրավախախտում թույլ տալ, ես ցույց եմ տալիս իրենց իրական ճանապարհը

«Փաստ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանի հետ:

–Վարուժան, Դուք բավականին մեծ համբավ ունեք ոչ միայն Տավուշի մարզում, մայրաքաղաքում, այլև մյուս մարզերում ևս: Եվ կարևորելով մարզային պատգամավորի կերպարը, նաև փորձում եք կոտրել այն կարծրատիպը, որ ժողովրդի ընտրյալը ոչ թե պետք է իր մեքենայի պատուհանից տեղեկանա մարդկանց խնդիրների մասին և մայրաքաղաքի ճանապարհին այն մոռացության տա, այլ պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանքով կարողանա փնտրել ու գտնել մարդկանց հուզող խնդիրները լուծելու տարբերակները:

–Ես նոր մարդ չեմ Տավուշի մարզում և նոր չէ, որ պետք է բացահայտեմ այստեղ ապրող մարդկանց հոգսն ու ցավը: Ծայրամասային բնակավայրերից ընտրված պատգամավորի կերպարը ես ընտրել եմ ոչ թե որպես բրենդային կերպար, այլ գիտեք, որ նույնիսկ մայրաքաղաքում աշխատելու և բիզնես–գործունեություն ծավալելու ընթացքում ծայրամասային բնակչի կերպարը եղել է իմ կյանքի անբաժանելի մասը: Եվ կարծում եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հասարակությունն ավելի շատ է կարողացել դրական լիցքեր ստանալ, քանի որ հնարավորություն է ունեցել առանձնացնել, թե իրականում ովքեր են իրենց կողքին և ովքեր են հինգ տարին մեկ գալիս մարզ, ընտրողների ձայները գողանալու: Սա արդեն հասարակության խնդիրն է և հասարակությունն ինքը պետք է կարողանա այդ ամենն իրարից զատել: Ես կոչ եմ արել՝ ամենավատագույնին ընտրեք, բայց ձեր ձայնը տվեք նրանց, ովքեր գոնե մեկ անգամ իրենց ոտքով բարձրացել են մեր սարերը: Կռիվը դրա դեմ է և հասարակությունը պետք է կարողանա այդ ամենն ընկալել:

–Հանրապետությունում բավականին լարված է անցնում քարոզարշավը: Խնդրում եմ ասեք, թե ինչպես է ընթանում այն Տավուշի մարզում, լարվածություն կա՞:

–Ես լարված չեմ, և ով փորձում է իրավախախտում թույլ տալ, ես օրենքի շրջանակներում նրանց ցույց եմ տալիս իրենց իրական ճանապարհը: Եվ եթե նախկինում լծակները կարող էին աշխատեցնել այս կամ այն թեկնածուի օգտին, ապա մենք շատ արագ այն կանխում ենք և թույլ չենք տալիս, որ մեր ձայները գողանան: Լարվածություն, որպես այդպիսին, կա ընդդիմախոսներիս շրջանում և այն մարդկանց մոտ, ովքեր փորձում են այս կամ այն եղանակով կանխել իմ ընտրարշավի հաջող ընթացքը: Իսկ ընդհանուր առմամբ քարոզչական դաշտում բավականին հանգիստ իրավիճակ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում