Խոսրով Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր քաղաքական ուժ չի համարում

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ համարում է «Ելք» դաշինքը, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չի համարում: Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Խոսրով Հարությունյանը նշեց, որ վերջերս շատ է քննարկվում հարցը` ով է ընդդիմադիր, ով ոչ, իրեն էլ անցյալ օրը հարցրել են` ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ ոչ, ԲՀԿ-ն ընդդմիադիր չէ: Գագիկ Ծառուկյանն էլ չի բացառել, որ ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ ընդդիմադիր ուժ «Ելք» դաշինքն է, ՀԱԿ-ը, նաև «Ազատ դեմոկրատներ»-ը: «Սկզբունքային դիրքերում «Ելքն» է կանգնած: Նրանց շատ հարցադրումների հետ համաձայն չեմ: Նույնիսկ նրանց մոտ ես ավելի շատ զգում եմ ցանկություն, քան այդ ցանկությունն իրականացնելու կարողություն: Նրանք էլ դա չեն թաքցնում: Ասում են, որ իրենք միավորված ընդդիմություն են և Ազգային ժողովում հավակնում են ընդդիմադիր սեկտորը գրավել, ոչ թե իշխանական: Դա նորմալ է», – ընդգծեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում