Կիրականացվի նոր էլեկտրակայան կառուցելու 250 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին»: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ կառավարության թիվ մեկ գերակայությունն է սեփական էներգետիկ պաշարներով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը:

«Վերջին մեկ տասնամյակում միայն փոքր ՀԷԿ-երի բուռն զարգացումը հանգեցրեց նրան, որ այսօր դրանց կողմից արտադրվող էներգետիկ հզորությունները ՀՀ-ում կազմում են 330 մեգավատ: Մենք հայտարարել ենք առաջիկա տարիներին մինչև 150 մեգավատ հողմային և մինչև 100 մեգավատ արևային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ակնհայտորեն կբերի ռեակտիվ էներգիայի պակասուրդի, որն այսօր գործող ավանդական կայանները՝ ատոմակայանը, ջերմային կայանները, չեն կարող ծածկել: Այս նպատակով բացառիկ կարևորություն է ստանում այս նախագիծը, որովհետև Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը ուղղված է հենց այս պակասուրդի ծածկմանը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մանուկյանը:

Ըստ նրա, երկրորդ կարևորագույն խնդիրը, որը կլուծի նոր կայանը, հետևյալն է. «Գիտեք, որ 2019-ին կավարտենք Հայաստան-Իրան երկրորդ բարձրավոլտ գծի կառուցումը, գրեթե նույն ժամանակահատվածում պլանավորում ենք Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը կբերի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների բազմապատկմանը, և մեր հնարավորությունը կհասնի 1550 մեգավատի: Գործող արտադրական հզորությունները բավարար չեն արտահանումն այս ծավալներով բավարարելու համար: Հատկապես հաշվի առնելով սեզոնայնության գործոնը՝ պետք է անել, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները ձմեռային ժամանակահատվածում ի զորու չեն լինի ապահովել նման ծավալներ: Սա երկրորդ կարևորագույն պատճառն է, որով մենք այս նախագիծը կարևորում ենք»,- ընդգծեց նախարարը:

Ծրագրով նախատեսվում է կատարել 250 մլն դոլարի ներդրում: Շինարարությունը կտևի 26 ամիս, կստեղծվի 900 աշխատատեղ, իսկ շահագործումից հետո աշխատատեղերի թիվը կավելանա ևս 200-ով:

Մանուկյանի հավաստմամբ՝ այս նախագիծը մեր երկրում վերջին տարիներին իրականացվող ամենաարդյունավետ ներդրումային ծրագիրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում