Կյանքի 90-րդ տարում վախճանվել է պրոֆեսոր Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2017 թ. մարտի 23-ին կյանքի 90-րդ տարում վախճանվեց ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ նախագահությունից:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին ժամը 18.00-ին` Երևանի Ս.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24):

Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1945 թ., նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950 թ.: Նույն տարում ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադ. Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968 թ.՝ դոկտորական ատենախոսությունները:

Վ. Բարխուդարյանը աշխատանքային առաջին մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958): 1958 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ որպես կրտսեր (1958-1959), այնուհետև՝ ավագ (1963-1967), գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963), փոխտնօրեն (1967-1990): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում՝ որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005), ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011-2017 թ.):

Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: «Նոր-Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երևան, 1967, 1985) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքակա ն և մշակութային պատմությունը: Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի՝ Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առևտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում:

Վ. Բարխուդարյանի՝ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո՝ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996):

Վ. Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Հասկանալի պատճառներով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Նրա խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ու նեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ՝ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քար-տուղար, ծավալել է գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաս-տակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:

Վաստակաշատ գիտնական Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում