«Հայկական ժամանակ». ԿԲ-ն այս անգամ չի նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր նիստում քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը։ Կասկածներ կան, որ ԿԲ խորհուրդը այս անգամ այլևս չի նվազեցնի տոկոսադրույքը, ինչն անում էր արդեն ամիսներ շարունակ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Անցած մեկուկես տարվա ընթացքում ԿԲ-ն պարբերաբար նվազեցրել է տոկոսադրույքը՝ ավելի քան 10 տոկոսից այն հասցնելով 6 տոկոսի, ինչը ամենացածրն է վերջին 6 տարիների ընթացքում։ Սակայն «Ռոյթերս» գործակալությունը տված հարցազրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ ԿԲ-ն այլևս մտադիր չէ գնալ տոկոսադրույքի նվազեցման։

«Այդ մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա»,- ասել է Ջավադյանը։

«Պատկերավոր ասած՝ տնտեսության իրական հատվածում գործերը այնքան էլ լավ չեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում