«Հայկական ժամանակ». Հանրային հեռուստաընկերությունը 268 միլիոն դրամի սարքավորումներ է ներկրելու

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է տեխնիկապես վերազինվել և դրա համար պատրաստվում է 268 միլիոն դրամի (560 հազար դոլարի) մոտ 120 անուն սարքավորումներ ներկրել տարբեր երկրներից: Տարօրինակը, սակայն, դա չէ:

«Հեռուստաընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը ներկրվող սարքավորումները երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու խնդրանքով, և կառավարությունն էլ առաջիկա իր նիստում ամենայն հավանականությամբ կտրամադրի այդ արտոնությունը: Ամբողջ խնդիրն այն է որ Հանրային հեռուստաընկերությունը գործում է բյուջեի հաշվին: Բացի դրանից, հարկային այս արտոնությունը ստանալու համար հղում է կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի ծրագրի դրույթներին:

Բայց այդ ծրագիրը այլևս չի գործում: Սա էլ բավական չէ, որպես արտոնության նպատակ՝ Հանրային հեռուստաընկերությունը դիտարկվում է «Արդյունաբերական ընկերություն», որի մրցունակությունը պետք է բարձրացվի: Վստահաբար կարելի է պնդել, որ այդ վերազինումից հետո Հանրայինը կդառնա էլ ավելի «օբյեկտիվ», «անկողմնակալ» ու «օպերատիվ»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում