Դեսպան Չարչօղլյանի հանդիպել է Հունաստանի խորհրդարանական «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի մարտի 28-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ` կուսակցության ղեկավար Վասիլիս Լևենդիսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով ՀՀ դեսպանին` Վասիլիս Լևենդիսն ընդգծեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը` կարևորելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատմական սերտ առնչությունները:

Դեսպան Չարչօղլյանն, իր հերթին անդրադարնալով Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը, դրանց հետագա ամրապնդման ու խորացման համար առաջարկեց ընդլայնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմը:

Որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի ղեկավար՝ Վասիլիս Լևենդիսը խոստացավ հետամուտ լինել հայամետ դիրքորոշումների բարձրաձայնմանը և ծրագրերի կատարմանը, մասնավորապես` աջակցել Հայաստանի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործընթացին: Քննարկվեցին նաև արկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները։

Հանդիպման օրակարգում էին նաև Հունաստանում հայ եկեղեցու և դրա սպասավորների կարգավիճակի հետ կապված հարցերը։

Դեսպան Չարչօղլյանը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև աշխատանքներ իրականացնել փոխադարձ այցերի կազմակերպման ուղղությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում