«Հրապարակ». Այս ընտրությունների գլխավոր «զոհը» Կարեն Կարապետյանն է

Քարոզչության շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ընտրողների հետ հանդիպող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս ընտրությունների գլխավոր «զոհն» է։ Ռուսալեզու մեր վարչապետը ստիպված է ողջ օրը հայերեն խոսել և քարոզել ՀՀԿ-ի օգտին։ Բնական է, որ արդյունքում ձայնը կկտրվի, որքան էլ նա պնդի, որ դա սառը ջուր խմելուց է, և բազում լեզվական սայթաքումներ թույլ կտա։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Մի անգամ կասի՝ «Հանրապետություն կուսակցություն», երկրորդ անգամ «բանիմացը» կդառնա «բանիմաստ», երրորդ տեղում կասի՝ «3 ամիս ա՝ զռում եմ», իսկ նախօրեին առավել «ուշագրավ» միտք է հնչեցրել․ «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի»։

Ի դեպ, ՀՀԿ ամբողջ թիմը լծվել է քարոզարշավի վերջին ակորդը հաղթական հնչեցնելու գործին, որը տեղի կունենա երկու ակորդով՝ Մարզահամերգայինում և Ազատության հրապարակում, մարտի 31-ին»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում