Թուրքիայի վարչապետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վարչապետը հայտնել է, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակվել էր հինգ հոդվածից բաղկացած հայտարարություն, որով նշվել է, թե «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում ավարտվել է հաջողությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում