Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը

ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստի ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի խոսքով՝ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքի գործող իրավակարգավորումը նախատեսված է այն դատախազների և քննիչների համար, որոնք 2014 թվականի հուլիսի մեկի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և այդ ընթացքում նրանք ձեռք են բերել երկարամյա կենսաթոշակի իրավունք: «Ուստի եթե մինչև 2017 թվականի հուլիսի մեկը նրանք անցնում են կենսաթոշակի, ապա պահպանում են այդ երկարամյա կենսաթոշակի իրավունքը, իսկ եթե անցնում են թոշակի 2017 թվականի հուլիսի մեկից հետո, ապա կ որցնում են այդ իրավունքը, քանի որ այդ իրավակարգավորումը դադարում է գոյություն ունենալ և այլ իրավակարգավորում նախատեսված չէ»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա գնահատմամբ, այս իրավիճակը կարող է հանգեցնել բացասական հետևանքների և կստեղծի այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, արհեստավարժ բազմաթիվ դատախազներ և ծառայողներ մինչև 2017 թվականի հուլիսի մեկը, կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված, աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն:

Նախարարը հավելել է նաև, որ նախագիծն ուղղված է պետության ֆինանսական բեռի թեթևացմանը և հավելյալ ֆինանսական միջոցների հատկացման կրճատմանը, քանի որ զանգվածային ազատումների հետևանքով գերատեսչությունները ստիպված են կորցնել կադրեր, կատարել նրանց հետ վերջնահաշվարկ, ինչպես նաև նրանց փոխարեն աշխատանքի ընդունել նոր կադրերի և պետությունն էլ պարտավորված է վճարել վերջիններիս կենսաթոշակները:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախագիծը համաձայնեցված է և ճիշտ կլինի վերացնել 2017 թվականի հուլիսի մեկի կարգավորումը և հնարավորություն ընձեռել, որպեսզի այդ անձինք թոշակի գնան նաև դրանից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում