Ես չեմ դիտվելու միայն եզդիների հարցերը ներկայացնող Ազգային Ժողովի պատգամավոր. Ռ.Մախմուդյան

«Մնացել է մեկ օր և նախընտրական քարոզարշավը կավարտվի և ես, պատահական չէ, որ ձեզ հետ հանդիպումը թողել եմ ամենավերջում, որպեսզի առողջ դատողություններով օժտված, տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ ամփոփեմ այս երեք շաբաթվա ընտրական քարոզարշավը»,-այս մասին ուսանողների և երիտասարդների հետ հանդիպմանը, ասաց եզդիական համայնքի կողմից խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու Ռուստամ Մախմուդյանը:

«Ես չեմ դիտվելու միայն եզդիների հարցերը ներկայացնող Ազգային Ժողովի պատգամավոր: Առաջինը ես պիտի կարողանամ պատշաճ հանդես գալ ՀՀ խորհրդարանում, որտեղ ՀՀ քաղաքացիների շահերը ևս կարողանամ իրավական կամ օրենսդրական տեսանկյունից ներկայացնել»,-նշեց պատգամավորի թեկնածու:

Ռուստամ Մախմուդյանը ասաց, որ որոշել է համագործակցել ՀՀԿ-ի հետ, քանի որ մեր հայրենակիցներին հուզող բազում սոցիալական խնդիրները համապետական նշանակություն ունեն և վերջիններս հանդիսանում են պետության համար առաջին հերթին լուծման անհրաժեշտություն ունեցող հարցեր, իսկ այդ խնդիրների կարգավորումը իր վրա է վերցրել ՀՀԿ-ն:

«ՀՀԿ-ի հետ կկարողանանք բարձրացնել մեզ հուզող խնդիրները լուծելու իրատեսականությունը: Մենք շարունակելու ենք ունենալ խնդիրներ, բայց միասին աշխատելով՝ կհասնենք նաև այդ խնդիրների լուծմանը:Մենք ՀՀԿ-ի հետ միասին պետք է կարողանանք ինչ-որ ձևաչափ մշակել և հինգ տարիների մեր աշխատանքը կարողանանք պատշաճ կատարենք»,- ասաց Ռ. Մախմուդյանը:

Ըստ Ռ. Մախմուդյանի սահմանադրական փոփոխություններն են հնարավորություն տվել ազգային փոքրամասնություններին Ազգային ժողովում ունենալ իրենց ներկայացուցիչները:

«Սահմանադրության 2015թ. փոփոխության արդյունքով մեզ հնարավորություն է ընձեռնվել ներկայանալու ՀՀ խորհրդարանում, որը մեր 25 տարիների բաղձալի երազանքն էր: Դրա հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ այդ բաղձալի երազանքը պետք է իրականացնել և պետք է ձեզ հետ միասին որոշենք խորհրդարան ուղևորենք մարդու, ով կգնա ոչ թե ուղղակի պատգամավորի անուն ձեռք բերելու համար, այլ մեր գործընթացներում ներգրավված լինի և կարողանա մեր շահերը ներկայացնել»,- նշեց նա և հավելեց, որ բացի իրենից, եզդիական համայնքից ևս երեք թեկնածու է ընդգրկված ՀՀԿ ցուցակում՝ Ռզգան Շամոյան, Խդր Հաջոյան, Ամո Շարոյան »,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով նախորդ ընտրություններին Ռուստամ Մախմուդյանը ասաց, որ ընդգրկված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ համայնքի առաջարկությամբ, սակայն հետագայում համայնքը եկել է համոզման և կոչ է արել իրեն՝ ներկայանալ այն ուժի ցուցակով, որի հետ հնարավոր կլինի ապագայում հասնել խնդիրների լուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում