Արտասահմանյան և տեղական դիտորդների գնահատականները չեն համապատասխանում իրար

«Քվեարկության գործընթացի հարցում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը գերազանց արդյունքի է հասել: Նման ընտրական օրենսդրությունն ու մեխանիզմները քաղաքացիական հասարակության համար մեծ ձեռքբերում են»,-այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լիլիա Շիբանովան: ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Շիբանովան ընտրողների գրանցման նոր մեխանիզիմի` նույնականացման սարքերի հետ կապված խնդիր չտեսավ: Նրա գնահատմամբ` ընտրատեղամասերում կուտակումների պատճառը ոչ թե նույնակացման սարքերն էին, այլ ընտրատեղամասերում դրված քվեախցիկների քչությունը:

Քվեարկության ընթացքում արձանագրելով հիմնականում տեխնիկական խնդիրներ` Շիբանովան ուշադրություն հրավիրեց ավելի կարևոր հարցի` օրենսդրության վրա, ինչի շուրջ առաջիկայում պետք է աշխատի ՀՀ քաղաքացիական հասարակությունը: «Փաստացի օրենսդրությունից հանված են բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են մեծապես փոխել քվեարկության արդյունքները. Չկա արտահերթ քվեարկության հնարավորություն, տարածքային ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների փոփոխության մասին հնարավոր չէ կրկնակի արձանագրություն կազմել և այլն»,-նշեց նա:

Շիբանովան չհամաձայնեց ասուլիսի մյուս բանախոսների` «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչների գնահատականների հետ, մասնավորապես` նրանց արձանագրած մեծաթիվ խախտումների, որոնք կարող էին էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի նկատառմանը, որ ընտրատեղամասերում կային մեծ թվով կեղծ դիտորդներ, որոնք իրականում վերահսկողություն իրականացնելու համար էին այնտեղ կամ էլ նոր ստեղծված կազմակերպություններ էին ներկայացնում, Շիբանովան այսպես արձագանքեց. «Անգամ եթե այնտեղ կային ընտրություններից առաջ ստեղծված կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք չեն համարվում պրոֆեսիոնալ դիտորդական կազմակերպություններ, ամեն դեպքում ընտրատեղամասերում դիտորդների մեծ թիվը դրական ու կարևոր գործոն է»:

Այն, որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն ընտրությունների օրով, Շիբանովան չի կասկածում: Նրա խոսքով, նախքան ընտրություններն ահռելի գործ է արվում` ցանկալի արդյունք ապահելու համար: Սակայն համեմատելով նախորդ ընտրությունների` նախագահական ընտրությունների, Սահմանադրության հարաքվեի հետ, նրա դիտարկմամբ, այս ընտրություններն ամենաթափանցիկն էին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ արտասահմանյան և տեղական դիտորդների գնահատականները բավականին տարբեր են, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը կապեց նրա հետ, որ պլատֆորմը հավանաբար համեմատում է ԱՊՀ մյուս երկրների օրինակների հետ, որոնց նկատմամբ Հայաստանն ակնհայտ առավելություն ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում