Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը կանգնել է լուծարման վտանգի առջև

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը, որը հիմնվել է 2001-ին, կանգնել է լուծարման վտանգի առջև:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կոնգրեսը լուծարելու համար դիմել է Ռուսաստանի գերագույն դատարան:

Կոնգրեսի գործունեության առանցքը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ուժեղացումը և այս բնագավառում ունի մի շարք հաջողված ծրագրեր:

Ներկայումս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզերում ունի 73 մարզային գրասենյակներ:

ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը:

Կոնգրեսը հիմնադրվել է 2001-ին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ:

Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում են առաջացրել, թե Ադրբեջանում, թե Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում