Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարված մետրոյում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4-ից քաղաքում հայտարարվում է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա- եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,– հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:

Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում