«Հրապարակ». ՕՐՕ-ն նահանջում է փողոցային պայքարից

ՕՐՕ դաշինքի կենտրոնական գրասենյակում երեկ փակ նիստ է հրավիրվել, մասնակցել են դաշինքի ներկայացուցիչներ, քննարկել ընտրություններին թույլ տված սխալները, բացթողումները և, բնականաբար, հետընտրական գործողությունները։

«Հրապարակ»-ի աղբյուրները վստահեցրել են, որ ՕՐՕ դաշինքն առանց վարանելու կգրավեր Ազատության հրապարակը, շուրջօրյա հանրահավաքներ կձեռնարկեր, սակայն ընտրությունների արդյունքներից շոկի մեջ հայտնվածները ռեալ են գնահատել իրենց շանսերն ու հասկացել, որ լեփ-լեցուն հրապարակ պահելը խաղուպար չէ, իրենց դա չի հաջողվի, մանավանդ՝ Սամվել Բաբայանի ձերբակալության պարագայում։ Սակայն դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասել է, որ այս առիթով պարզաբանում չունի, եղել է քննարկում, որից հետո՝ հաղորդագրություն․ «Հայտարարության տեքստում ամեն ինչ ասված է»։

ՕՐՕ-ն, հիշեցնենք, երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու, թե արդյոք կա՞ն մատնահետքերի համընկնում, թե՞ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում