«Հրապարակ». Կուսակցությունները պատրաստվում են մայիսի 14-ին

Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ պետական հիմնարկների աշխատողներին բերում են մարտական պատրաստվածության՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների համար։ Այս օրերին արդեն ընտրողների թարմացված, խորհրդարանական ընտրությունների մաղով անցած ցուցակներն ուղարկում են դպրոցների տնօրեններին, որպեսզի տեսնեն, թե իրենց ծնողներից, աշխատակիցներից քանի հոգի է ռեալ ընտրող։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ընտրողների ցուցակից հետո կուղարկեն նաև երկրորդ ցուցակը, թե թեկնածուներից ում օգտին են աշխատելու։ Թեև դիմումների վերջնաժամկետն ապրիլի 9-ն է, սակայն քաղաքական ուժերը դեռ ընտրական շոկի մեջ են և չեն կարողանում կազմակերպվել ու ցուցակ ներկայացնել։ Երեկ, օրինակ, նման քննարկումներ էին առնվազն երկու դաշինքներում՝ «Ելք», «Ծառուկյան դաշինք»։ Եթե «Ելքում» հնարավոր է կրկին քվեարկությամբ որոշեն իրենց քաղաքապետի թեկնածուին, քանի որ 3 լիդերներից երևանյան գրանցում ունեցող Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի առաջադրվել, ապա «Ծառուկյան դաշինքում» Խաչատուր Սուքիասյանի մերժումից հետո կատարյալ անորոշություն է։ Այստեղ մտավախություն ունեն, որ «Ելքը», որը Երևանում մեծ թվով ձայներ է ստացել, հաղթի իրենց։ Չէ՞ որ «Ծառուկյան դաշինքն» ուժեղ է մարզերում, այլ ոչ թե Երևանում, ուստի հնարավոր է, որ հակվեն Երևանի ընտրություններին ընդհանրապես չմասնակցելուն»,- հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում