Ադրբեջանի ընդդիմադիրները լրջորեն պատրաստվում են համազգային հանրահավաքին

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից և ուժերից կազմված Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է ապրիլի 8-ին համազգային հանրահավաք անցկացնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի առաջատար ուժերից Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (AXCP) նախագահ Ալի Քերիմլին ապրիլի 8-ի հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն տարածելով` ժողովրդական լայն զանգվածներին կոչ է արել մասնակցել հանրահավաքին: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումներից հետո որոշել էր կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ:

«Կազմակերպչական խորհրդի նիստում մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Էլդանիզ Գուլիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում