Հայաստանում շարունակվում են ԵՄ բյուջետային աջակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումները

Եվրոպական Միությունը շարունակում է բյուջետային աջակցություն տրամադրել Հայաստանին տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար: Ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողով:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ բյուջետային աջակցությունը Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարևորագույն գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել: «Մենք անցած տարի Եվրոպական Միությունից ստացել ենք աննախադեպ բյուջետային աջակցություն, որը կազմել է 27.5 միլիոն եվրո: 2016թ . և 2017թ. առաջին ամիսների ընթացքում Եվրոպական Միության հետ ստորագրել ենք ընդհանուր առմամբ 51 միլիոն եվրոյի համագործակցության փաթեթ, որից գրեթե 50 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է: Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք այս և հետագա տարիների ընթացքում ևս այս գործիքի մասով ահռելի աշխատանքներ ունենք իրականացնելու: Այս տարվա ընթացքում մենք ունենք երեք խոշոր և մեկ փոքր բյուջետային հատկացման տրանշ, որին մենք մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք այսօրվա քննարկման ընթացքում: Ակնկալում ենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ ներգրավվածությունը: Մեր նպատակն այն է, որ Հայաստանում բարեփոխումների իրականացմանը միտված մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվեն ժամանակին և ամբողջությամբ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Մելքոնյանը:

Եզրափակելով խոսքը՝ փոխնախարարն ասաց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգողը, շահագրգռված է, որպեսզի ինչպես բյուջետային աջակցության, այնպես էլ եվրոպական աջակցության մյուս գործիքների կիրառումը Հայաստանում լինի հնարավորինս արդյունավետ:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին` ընդգծելով դրա կարևորությունը ԵՄ-ի կողմից հատկացվող բյուջետային աջակցությունը արդյունավետ օգտագործելու տեսանկյունից: «Վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպական միությունը Հայաստանին 250 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցություն է տրամադրել: Սա նշանակում է, որ մեկ տարվա կտրվածքով Հայաստանը 25 միլիոն եվրոյի բյուջետային օժանդակություն է ստանում Եվրոպական Միությունից: Մենք ամեն տարի Հայաստանում ծախսում ենք մոտ 40-50 միլիոն եվրո, որի մոտ կեսն ուղարկվում է բյուջետային օժանդակության ծրագրերին»,- ասաց նա:

Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվեց և քննարկվեց ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիթորինգին և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին խմբային վարժություններ` մասնակիցներին նախանշված մեխանիզմների գործնական կիրառման հնարավորությունները ներկայացնելու նպատակով: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

Բյուջետային աջակցության գործիքի միջոցով Եվրոպական Միությունն աջակցում է գործընկեր երկրի բարեփոխումներին: Բյուջետային աջակցության ծրագրերով նախատեսված գումարներն ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են շահառու երկրի պետական բյուջե: Նախատեսված գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակներում ամրագրված պարտավորությունները երկրի կողմից իրականացնելուց հետո, իսկ պարտավորությունների իրականացման կատարողականը գնահատվում է համապատասխան անկախ փորձագիտական առաքելության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում