Նախագահը Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը

Նախագահը Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը

Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և միաձայն որոշում կայացրել մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Գրիգորիի Խաչատուրովին: Պետությունների ղեկավարները նաև որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում