Վահան Բադասյանը թող գա ինձ մոտ, ինքս նրան պատասխան կտամ. Ֆ. Գզողյան

Թե ինչ կտա Հայաստանին Յուրի Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը, Շուշիի ազատագրման օպերացիայի շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը կանխատեսումներ անել չի շտապում:

«Դեռ շատ բան չեմ կարող ասել, քանի որ նոր է նշանակվել: Որոշ ժամանակ անց կերևա: Բայց, կարծում եմ, որ դա մեծ դեր կունենա Հայաստանի ու հայ ժողովրդի համար, ու Խաչատուրովն այդ պաշտոնում կարդարացնի իրեն, քանի որ նման աշխատանքի փորձ ունի»,-Yelaket.am-ի հետ զրույցում ասաց Ֆելիքս Գզողյանը:

Գեներալ-մայորին զայրացրել է ազատամարտիկ, Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանի արած հայտարարությունը, ըստ որի` Յուրի Խաչատուրովը չի մասնակցել Քարվաճառի ազատագրմանն ու, առհասարակ, չի զբաղվել բանակաշինությամբ:

«Քարվաճառի ազատագրման ժամանակ ես եղել եմ ձախ թևի հրամանատարը, Խաչատուրովը` աջ: Ո՞նց թե չի մասնակցել, ո՞նց թե բանակաշինությամբ չի զբաղվել: Եղել է բրիգադի, կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Վահան Բադասյանը թող գա ինձ մոտ, ինքս նրան պատասխան կտամ: Իսկ ինքը` Վահան Բադասյանը, ի՞նչ է արել բանակի համար: Էն մարդը, ով հասկացողություն չունի բանակի, նրա գործունեության մասին, ինչպե՞ս կարող է խոսել դրա մասին»,-ասաց Ֆելիքս Գզողյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում