Իրանում պաշտոնապես հրապարակվել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք պայքարելու են երկրի նախագահի պաշտոնի համար: Մրցարշավի մասնակիցների թվում են՝ պետության գործող ղեկավար Հասան Ռոուհանին, արդյունաբերության եւ մշակույթի նախկին նախարարներ Մոստաֆա Հաշեմին եւ Մոստաֆա Միր-Սալիմը, Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիզին:

Իրանի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, բարձրագույն պաշտոնի համար պայքարին մտադրվել էին մասնակցել ռեկորդային թվով՝ 1600 թեկնածուներ, մինչդեռ Պահապանների խորհուրդն ընտրել է նրանցից միայն վեցին: Երկրում հաստատված ավանդույթի համաձայն, նրանք բոլորը տղամարդիկ են: Հիմնական օրենքի 115-րդ հոդվածը պետության ղեկավարին ներկայացնում է որպես «ռեջալ», ինչը կարելի է թարգմանել ե՛ւ որպես «տղամարդ», ե՛ւ որպես «մարդ»: Պահպանողական հայացքների տեր Խորհուրդը նախընտրությունը տալիս է առաջին մեկնաբանությանը:

Գործող նախագահ Ռոուհանին մրցարշավի անվերապահ ֆավորիտն է, որը միեւնույն ժամանակ վայելում է իսլամական հոգեւորականության աջակցությունը: Իր կառավարման ընթացքում պետության ղեկավարը կարողացել է հասնել ԵՄ-ի երկրների հետ շահավետ պարտավորագրերի կնքման, ներառյալ նաեւ երկրի համար գլխավոր համաձայնագիրը՝ 2015 թվականի պայմանագիրը, որը բերեց պատժամիջոցների մի մասի չեղարկման: Չափավոր ղեկավար համարվող Ռոուհանին Արեւմուտքում փնտրում է տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարող է ազդակ հաղորդել տնտեսական աճին, քանի որ Իրանը տառապում է գործազրկություն ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում