«Հայկական ժամանակ». Հավաքագրված հարկերի ավելացումը իրականացվել է փոքր բիզնեսի բեռի շնորհիվ

Այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրված հարկերի ավելացումը իրականացվել է համեմատաբար փոքր բիզնեսի բեռը ավելացնելու շնորհիվ: Դա են վկայում պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«ՊԵԿ-ի հրապարակած առաջին 1000 խոշոր հարկատուները այս տարվա եռամսյակում վճարել են 174.9 միլիարդ դրամ, ինչը 11.7 տոկոսով գերազանցում է անցած տարվա նուն ցուցանիշը: Սակայն ցանկի առաջին 20 հարկատուները իրենց հարկերը ավելացրել են 8.8 տոկոսով՝ 60.9 միլիարդից հասցնելով 66.3 միլիարդի: Մինչդեռ այդ ցանկի վերջին 20 հարկատուները միասին այս տարի վճարել են 462 միլիոն դրամ, ինչը 13.2 տոկոսով է ավել անցած տարվա ցուցանիշից:

Ստացվում է, որ առաջին 1000 հարկատուների ցուցակում որքան «մեծ» է հարկատուն, այնքան ավելի քիչ բեռ է ավելացրել իր վրա և հակառակը՝ որքան «փոքր» է հարկատուն, այնքան ավելի ծանր է եղել նրա բեռը: Ընդհանուր հարկային եկամուտների հավաքագրման պատկերը քիչ է տարբերվում դրանից: Պետական բյուջեն հարկային մուտքերից այս տարվա առաջին եռամսյակում 11 տոկոսով ավելի գումար է ստացվել անցած տարվա համեմատ: Հարկերի վճարման աճի ընդհանուր տեմպը զգալիորեն գերազանցում է ամենախոշոր տնտեսվարողների հարկերի աճի տեմպին»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում