Պատրիարքական փոխանորդ Աթեշյանը եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն. Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 28-ին և 30-ին հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Կողմերը քննարկել են Աթոռի առկա խնդիրները և դրանց լուծման հեռանկարները: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Օրաթերթի հետ զրույցում Մաշալյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին արած ուղերձում առկա ակնարկը նոր հնարավորություն է այդ գործընթացը սկսելու համար: Սրբազան Հայրը նշել է, որ պատրիարքարանը պետք է անմիջապես պատկան իշխանություններին տեղյակ պահի 2016 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Եկեղեցական համագումարի արդյունքների մասին, որով պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ճանաչվեց որպես «պատրիարք ի հանգստյան», իսկ պատրիարքական աթոռը համարվեց թափուր: Մաշալյանի համոզմամբ` թեկո ւզև հապաղումով, սակայն պետությանը պետք է տեղյակ պահվի այդ որոշման մասին, պետք է ներկայացվի Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական մասնագիտական տեղեկագիրը:

«Քանի որ պետությունը իր համար որպես բանակցող է ճանաչում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ես այցելեցի նրան: Խաղաղ զրույց տեղի ունեցավ, սակայն նա համոզված չէ, որ ներկա փուլում որևէ լուր պետք է տալ պետությանը կամ առհասարակ որևէ քայլ պետք է անել: Նման պայմաններում հավանաբար այդ դիմումը կանենք մենք: Այսինքն, Կրոնական ժողովը և Եկեղեցական համագումարը կարող են նամակ գրել և հանձնել նահանգապետարանին: Ընդունում եմ, որ այս ձևը որոշ վտանգներ է պարունակում, քանի որ պետությունը որպես բանակցող է ընդունում Աթեշյանին` իբրև պատրիարքական փոխանորդ: Եթե նամակի տակ չլինի նրա ստորագրությունը, ապա մեր նախաձեռնությունը կարող է որոշակի չափով վտանգվել: Բայցևայնպես, մենք հանձն ենք առնելու այս հավանականությունը, որպեսզի մեր ժողովուրդը հերթական անգամ տեսնի ու համոզվի, թե ով է խուսափում ընտրության համար դիմում ներկայացնելուց»,- նշել է Մաշալյանը:

Նա ընդգծել է, որ առկա խնդիրների հաղթահարման համար պետք է համախոհություն ունենալ: «Այդ պատճառով Աթեշյանի հետ էլ պետք է կապի մեջ լինենք, և ես բացեցի այդ դուռը: Պետք է նրան ներքաշենք այս գործի մեջ: Նրա ներգրավմամբ պաշտոնական քայլեր կձեռնարկվեն, և այս ընտրության գործի առջև ճանապարհ կհարթվի»,- ասել է Սրբազան Հայրը` նշելով, որ այս իրադրությունը չի կարող հավիտյան շարունակվել: «Մենք այժմ ունենք տեղապահ, ով չի կարող անցնել գործի, և փոխանորդ, ով եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն: Պետք է դուրս գանք այս վիճակից»,-նշել է Մաշա լյանը:

Թեպետ փոխանորդ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Գերմանիա վերադառնալուց առաջ հայտնել էր, որ այս շաբաթվա առաջին կեսին վերադառնալու է Ստամբուլ, սակայն Մաշալյանը «Ժամանակ» օրաթերթին այլ բան է ասել. «Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերջին անգամ Պոլսից բաժանվեց ծանր զգացումներով: Նա մեր պատրիարքական աթոռին կապված հոգևորական է և այս փուլում հստակություն է ակնկալում: Բեքչյանը Պոլիս պետք է գա այստեղից դրական լուրեր առնելուց հետո: Այլապես այս իրադրությունն ամոթալի է և անհարմար: Մենք նրան ասում ենք, որ իբրև ընտրյալ տեղապահ մեր գլխի վրա տեղ ունի, սակայն մյուս կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն իսկապես վիրավորական է: Մեր համակարգը կաթվածահար է եղել»:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավարն ընդգծել է, որ իր հարաբերություններն Աթեշյանի հետ միշտ կարող են բարելավվել, քանի որ նրա հետ անձնական խնդիր չունի: «Խնդիրն իր դիրքորոշման մեջ է: Ես գիտեմ, որ նա էլ ինձ հետ անձնական խնդիր չունի: Բայց մյուս կողմից կա սկզբունք, ինչը չենք կարող մի կողմ դնել: Նա է, որ պետք է լուծի պատրիարքական ընտրության հարցը, սակայն այն լուծելուց առավել խոչընդոտողի դերում է: Պատրիարքական ընտրության հարցի շուրջ պետք է անենք մեզնից կախված ամեն բան, ամեն պատրաստություն պետք է տեսնենք ու գնդակը տեղափոխենք պետության դաշտ, որպեսզի մեր հոգևորականների դասը փրկվի պատասխանատվության ծանրությունից»,- ասել է Մաշալյանը` ընդգծելով, որ հենց իրենք են, որ պետք է շարժման մեջ դնեն պետությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում