Քաղցկեղը ախտորոշող բիոչիպերը ներմուծվելու են Հայաստան

Նիժնի Նովգորոդի «Բիոչիպ» գիտաարտադրական ընկերությունում արտադրվող բիոչիպերի առաջին խմբաքանակը ներմուծվելու է Հայաստանի ուռուցքաբանական կենտրոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ուռուցքաբան Սվյատոսլավ Զինովևը (Նիժնի Նովգորոդ):

«Այս փոքրիկ բիոչիպում կան հատուկ սպիտակուցներ, որոնք քաղցկեղը հայտնաբերելու դեպքում լուսավորվում են: Նմանատիպ սարք աշխարհում դեռևս չկա: Այդ է վկայում Ճապոնիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համաշխարհային ուռուցքաբանական կենտրոնների կարծիքը: Մենք հանդիպել ենք Առողջապահության նախարարի հետ և եկել այն եզրակացության, որ առաջին խմբաքանակը Հայաստանի ուռուցքաբանական կենտրոններ է ներմուծվելու անվճար»,– նշեց Զինովևը: Ուռուցքաբանի խոսքով` քաղցկեղի սկզբնական փուլում 1-2 օրվա ընթացքում արդեն իսկ կարող է ախտորոշվել հիվանդությունը:

«Այս բիոչիպը փոխարինում է հետազոտական լաբորատորիան: Բիոչիպի ճշգրտությունը կազմում է 95 տոկոս»,– նշեց Զինովևը:

Նիժնի Նովգորոդի «Բիոչիպ» գիտաարտադրական ընկերության ֆինանսական տնօրեն Դմիտրի Տաբունինի խոսքով` ժամանակակից աշխարհում մարդը հաճախ չի կարողանում հաղթահարել քաղցկեղը, քանզի նա չի սովորել ճիշտ և ժամանակին դա ախտորոշել:

«Հայաստանում գրեթե 50 տոկոսի մոտ քաղցկեղը հայտնաբերվում է 3-4 փուլում: Մեր ընկերությունը գտել է այդ խնդրի լուծման ճանապարհը, որպեսզի մարդիկ կարողանան հնարավորինս շուտ ախտորոշել այդ հիվանդությունը»,– ասաց Տաբունինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում