Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառում է անցկացվել ռումինական Գեորգեն քաղաքում

Ռումինիայի Հարգիտայի մարզի (Harghita) Գեորգեն քաղաքի (Gheorgheni) Հայ կաթոլիկ եկեղեցում ապրիլի 30-ին հիշատակվել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Հարգիտայի նահանգային խորհրդի փոխնախագահ Բարտի Տիհամերը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին, Էթնոգրաֆիկ թանգարանի տնօրեն Տիբոր Չերգոն, ինչպես նաեւ Տրանսիլվանիայի Հունգարահայ միության նախագահ Աթիլա Պուշկաշը, Գեորգենի կաթոլիկ հայերի միության նախագահ Լա սլո Կուլչարը եւ Ծխական խորհրդի ատենապետ Գյուլա Բուշլիգը:

Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հովիվ Հունոր Գալի խոսքից հետո, որով նա պատգամեց մշտապես հիշել մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը եւ դրա մասին ուսուցանել երիտասարդ սերնդին, Գյոնգիվեր Բարաբասը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Միջոցառման ավարտին եկեղեցական երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի հիմնը երգեհոնահար Ժոլտ Բիրոյի եւ պատանի փողհար Աթիլա Սասկա Մագյարի նվագակցությամբ, ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում Նահանգային խորհ րդի, քաղաքապետարանի, թանգարանի եւ տեղի հայ համայնքի կողմից 2015թ. բացված Հայոց ցեղասպանության հուշարձանին:

Գեորգենը` պատմական Ջուրջով քաղաքը, որտեղ հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարում եւ մինչեւ այժմ պահպանում են հայկական ավանդույթները եւ մշակույթը, եղբայրացած է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում