Հայաստանում տրանսպորտային համակարգով չսպասարկվող համայնքների մոտ կեսը ներառվել է գործող երթուղային ցանկում

ՀՀ վարչապետի հանձնարարականով գնահատվել են ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները, հստակեցվել է չսպասարկվող 220 համայնքների ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` վարչապետի հանձնարարականով պետք է ունենանք այնպիսի տրանսպորտային համակարգ, որ սպասարկի բոլոր hամայնքները:

«Գույքագրումից հետո պարզեցինք, որ հանրապետության 220 համայնք տրանսպորտային համակարգով չեն սպասարկվում կամ մասամբ են սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներ էին: Օպտիմիզացնելով դրանք` մոտ կեսը ներառել ենք երթուղիների մեջ: Այսօր ունենք չսպասարկվող մոտ 90 համայնք, որոնց սպասարկման համար ժամանակի ընթացքում աշխատանքներ կկատարվեն»,- ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում