Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահներ. ՀՀԿ-ն ներկայացրեց թեկնածուներին

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահներ. ՀՀԿ-ն ներկայացրեց թեկնածուներին

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում է Արա Բաբլոյանին, փոխնախագահները կլինեն Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը:

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում tert.am-ին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչու ԱԺ նախագահի պաշտոնում որոշվեց հենց Արա Բաբլոյանին առաջադրել, նա պատասխանեց. «Արա Բաբլոյանն ունի շատ երկարամյա փորձ և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում աշխատելու: Ունի շատ իմաստուն անցյալ, և հուսով ենք, որ պարոն Բաբլոյանի գլխավորությամբ մենք կարող ենք ավելի արդյունավետ աշխատել: Ես շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ նման փորձառու անձնավորության հետ»:

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ Հանրապետական կուսակցությունում շատ գոհ են այս նշանակումներից:

«Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել ենք Վահրամ Բաղդասարյանին, խմբակցության քարտուղար առաջարկում ենք Գագիկ Մելիքյանին»,-ասաց նա:

Վաղը «Հանրապետական» Ազգային ժողովում խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կանոնակարգում, ըստ որի՝ կառաջարկեն ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել մինչև 9-ը:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մինասյանի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Խոսրով Հարությունյանի, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանին, Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները:

Շարմազանովի խոսքով՝ վաղը օրենքով սահմանված կարգով կառավարությունը հրաժարական է տալու, իսկ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, ինչպես նախկինում որոշվել էր, լինելու է Կարեն Կարապետյանը: Վերջինս էլ նորից կձևավորի կառավարության նոր կաբինետը:

ՀՀԿ խոսնակի նաև նշեց, որ ԳՄ նիստի ընթացքում չի քննարկվել արդարադատության նախարարի պաշտոնի, ինչպես նաև 2018 թ. հետո նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնին առնչվող հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում