Կարեն Կարապետյանը հանձնարարեց համակարգային լուծում տալ տեխնիկական անվտանգության խնդիրներին

Կարեն Կարապետյանը հանձնարարեց համակարգային լուծում տալ տեխնիկական անվտանգության խնդիրներին

ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրներին: Կարեն Կարապետյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իր այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում:

«Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ հատկապես հստակեցնելով թե՛ փորձաքննություն իրականացնողի, թե՛ շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»,– ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին՝ 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն՝ տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով համարժեք պատասխանատվության սկզբունքը: Միաժամանակ պետք է ներկայացվի նաև առաջարկություն նշված ոլորտի կարգավորումների բարեփոխման վերաբերյալ՝ մանրամասն ուսումնասիրելով հնարավոր այլընտրանքային մոտեցումները ինչպես օրինակ ապահովագրական մեխանիզմների ներգրավման հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում