Ձևավորվել է 21-րդ դարի «բրենդային», «իմիջային» հատկանիշներով ընդդիմություն. Արմեն Աշոտյան

ԱԺ համակարգում շուրջ 40 հոգու փոփոխություն է տեղի ունեցել, նոր դեմքերի մասին է խոսքը: Այս մասին, ինչպես գրում է Tert.am-ը, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն «Արմենիա» հեռուստաընկերության « Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:

«Եթե խոսում ենք քաղաքական որոշումների վրա ազդող բացառապես քաղաքական կերպարների՝ խորհրդարանում հայտնվելու մասին, ապա փաստենք, որ այս խորհրդարանում և՛ «Հանրապետական» խմբակցության օրինակով, և՛ «Ծառուկյան» դաշինքի օրինակով, ավելի քաղաքական են: Համենայն դեպս, հայտը այդպիսին է՝ խորհրդարանում ներկայացված երկու խոշոր ուժերի կողմից: Ավելի քաղաքական են այդ խմբակցությունների կառուցվածքը և բովանդակությունը՝ հայտով»,-վստահեցրել է Արմեն Աշոտյանը:

Նա նշել է, որ «նոր որակի խորհրդարան» ասելով՝ մի քանի բաղադրիչ է պետք հասկանալ, առաջինը. խորհրդարան, որն ընտրվել է այս պահին, Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ լավագույն ընտրությունների արդյունքում:

«Այն դիտարկումը, որ արվել է և միջազգային դիտորդների կողմից, ինչպես նաև հետընտրական զարգացումների բացակայությունը վկայում են այն մասին, որ խորհրդարանն իրականում իր քաղաքական որակով մաքսիմալ արտահայտում է ընտրական նախընտրությունը: Երկրորդ բաղադրիչը նոր խորհրդարանի այն սահմանադրական լիազորություններն են, որ տրվում են ԱԺ-ին, որպես երկրի իշխանություն ձևավորող կարևոր մարմնի: Որակը նաև իրավական հենք ունի, որովհետև նոր խորհրդարանն ունենալու է անցումային դրույթների ավարտից հետո ամբողջությամբ նոր իշխանություն ամբողջությամբ՝ հանրապետության նախագահ ընտրելուց մինչև կառավարության ձևավորում և այլն»,-նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Նա վստահեցրել է, որ Խորհրդարանի գործունեության մեջ դա նոր էջ է:
Արմեն Աշոտյանը նկատել է, որ ընդդիմությունն է փոխվել: Ընդդիմափոխություն է տեղի ունեցել այս ընտրություններով, և ի հայտ է եկել է «21-րդ դարի ընդդիմությունը»:
«Այդ հայտը՝ 21-րդ դարի ընդդիմություն դառնալու, փորձում էր ներկայացնել նախկինում «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, նորարար, ավելի ստեղծարար, ավելի ժամանակակից, ավելի ճկուն, ավելի նախաձեռնող ընդդիմության տեսակ: Նաև քարոզարշավի տեսակը փոխվեց, պլատֆորմն ավելի լիբերալ էր, այդ քաղաքական նախագիծը հաջողություն չունեցավ, բայց այնուհանդերձ, հնարավորություն տվեց Հայաստանի լիբերալ քաղաքական թևում ձևավորել նոր հայտ ներկայացնող, 21-րդ դարի, այսպես կոչված, «բրենդային», «իմիջային» հատկանիշներով ընդդիմություն»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Իսկ, թե որքանով կհաջողվի այս ընդդիմությանն իրականում դառնալ Հայաստանի ազատական մտքի գեներացնող միասնական մարմին, Աշոտյանի կարծիքով՝ ցույց կտա ԱԺ գալիք աշխատանքը՝ 5 տարվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում