Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների. Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որեւէ հնարավորություն դեռեւս չի տեսնում: Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ բանակցային գործընթացում Հայաստանը չունի գործընկեր:

«Մենք այժմ այն փուլում չենք, որ այդ մասին լուրջ խոսենք: Նույնիսկ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից կարող ենք դատել, որ այստեղ կարգավորման հարցը չի քննարկվում, այլ փորձ է արվում ներդնելու մշտադիտարկման մեխանիզմներ, որպեսզի խախտումների հետ կապված իրավիճակի հետաքննություն անցկացվի: Սա կարգավորում չէ, սա մենեջմենթ է, այսինքն՝ ոչ թե լուծման փորձ է, այլ ռազմավարություն այդ հակամարտության մեջ ապրելու, որը նույնպես այդքան լավ չի ստացվում: Այն, ինչ ադրբեջանական էլիտան հրապարակայնորեն ասում է, թույլ չի տա լիս մտածել, որ հեռանկարներ կան: Ինձ համար, ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քաղաքագետը նշեց, որ այս հարցի առնչությամբ որեւէ նորություն չի լսել:

«Հասկանալի է, որ Մադրիդյան սկզբունքներն են սեղանին դրված, եւ չգիտես ինչու, այն շատ բուռն արձագանք է ստանում Հայաստանում. ոչ մի այլ փաստաթուղթ չկա: Այն, ինչի շուրջ տարվում է մինսկյան գործընթացը, հենց սա է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում