ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում

Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթին Հայաստանի և Իրանի համագործակցության զարգացման հարցում լավատեսորեն է տրամադրված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մահմուդ Հոջջաթին նշեց, որ չնայած երկու երկրների համագործակցության մեծ ներուժին, նախկինում հնարավորություն չկար այն զարգացնելու:

«Գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման և համագործակցության զարգացման համար կարևոր քայլերից էր բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության հուշագրի ստորագրումը: Ինչ-ինչ պատճառներով այս հուշագրի ստորագրումն անցյալում չի հաջողվել, սակայն այսօր մենք ստորագրեցինք այն: Օրակարգում է նաև անասնաբուծության կարանտինի փաստաթուղթը, որը կառավարության հաստատվելուց հետո պատրաստ կլինի ստորագրելու: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությանը զարգացնել ուն, արդեն իսկ Հայաստան են եկել իրանցի գործարարներ, ովքեր փորձում են համատեղ ներդրումներ իրականացնել և արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանել: Դրա արդյունքում Հայաստանում կստեղծենք աշխատատեղեր, ինչպես նաև կնպաստենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացմանը»,- ասաց նա:

Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարարը նշեց, որ ապագայի նկատմամբ լավատեսորեն է տրամադրված: «Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք, որպեսզի զարգացնենք այս համագործակցությունը»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում