Հռոմի պապի հետ Թրամփի հանդիպումը Վատիկանում շարունակվել է շուրջ 30 րոպե

Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը տեւել է գրեթե 30 րոպե: ԱՄՆ-ի ղեկավարը մայիսի 24-ին ժամանել է Վատիկան՝ հանդիպելու քահանայապետի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Զրույցի բովանդակության մասին առայժմ չի հաղորդվում: Թարգմանիչների օգնությամբ դեմ առ դեմ անձնական զրույցից հետո Ֆրանցիսկոսը ողջունել է ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում, Թրամփի տիկնոջից՝ Մելանիայից, եւ նրա դուստր Իվանկայից ու նրա ամուսնուց՝ Ջարեդ Քուշներից բացի, եղել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ինչպես նաեւ նախագահի մի շարք խորհրդականներ, ներառյալ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ Մաքմասթերը:

Ֆրանցիսկոսը եւ Թրամփը մի քանի ձեռքսեղմումներ են փոխանակել, Ֆրանցիսկոսը Թրամփին նվիրել է հուշամեդալիոն:

Թիլերսոնը, Մաքմասթերը, ինչպես նաեւ Քուշները բանակցություններ են անցկացրել Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) Պիետրո Պարոլինի եւ պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալահերի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում