ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՉԺՀ-ի նկատմամբ. Թրամփ

ԿԺԴՀ-ի կողմից հերթական հրթիռային փորձարկումը ոչ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է Կորեական թերակղզու խնդիրների լուծմանն օժանդակելու Չինաստանի ջանքերի նկատմամբ: Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Հյուսիսային Կորեան բավականին ա նհարգալից վերաբերմունք դրեսեւորեց իր հարեւան Չինաստանի նկատմամբ՝ արձակելով եւս մեկ բալիստիկ հրթիռ… Բայց Չինաստանը շատ է ջանում (օգնել կարգավորելու հյուսիսկորեական խնդիրը)»,- գրել է նա Twitter-ում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հյուսիսային Կորեան մայիսի 29-ի առավոտյան կատարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 21-ին: Արձակումն իրականացվել է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքի շրջանից: Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց տվյալներով՝ հրթիռի թռիչքը շարունակվել է վեց րոպե, այն անցել է 450 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սիմանեի պրեֆեկտուրայի Օկի կղզիներից 300 կիլոմետր եւ Նիգատայի պրեֆեկտուրայի Սադո կղզուց 500 կիլոմետր հեռավորության վրա:

Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 100 կիլոմետր: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ կատարվել է «Սքադ» տիպի միջին հեռահարության հրթիռի արձակում:

Հերթական արձակմանը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արձագանքը հետեւել է անհապաղ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եւ խոստացել է «ԱՄՆ-ի հետ մեկտեղ ձեռնարկել կոնկրետ քայլեր Հյուսիսային Կորեային զսպելու համար»:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը դատապարտել է արձակումն, այն որակելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում», եւ խոստացել է «խիստ միջոցներ» ձեռնարկել Հյուսիսի դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում