Քննարկվել է «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության այլ պատասխանատուներ:

Ողջունելով հյուրերին, և շնորհակալություն հայտնելով համատեղ շարունակական աշխատանքի պատրաստակամության համար՝ Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին, նշելով, որ նա տարբեր ժամանակներում աշխատել է պետական, մասնավոր ու միջազգային կառույցներում, և նրա փորձը շատ կարևոր է ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացման համար: Իր հերթին Ջեոֆ Ջիակոմինին շնորհավորել է նախարար Արծվիկ Մինասյանին` նախարարի պաշտոնում վերանշանակման և Էրիկ Գրիգորյանին՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է «Զանգեզուրի» կենսոլորտային համալիրում և «Շիկահող» պետական արգելոցում իրականացվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձել ստուգայցերի արդյունքներին, շնորհակալություն հայտնելով, որ գործընթացում CNF-ը նույնպես, ի դեմս Հայաստանի ազգային համակարգողի, ակտիվ գործունեություն է ծավալում: Կողմերը քննարկել են CNF-ի հետ իրականացվող այլ ծրագրերին առնչվող,այդ թվում, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի,անտառների պահպանության, մոնիթորինգի, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների իրականացման առնչությամբ կառույցի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում