Սվեն Միկսերը ցանկանում է տեսնել ԵՄ եւ Հայաստանի միջեւ վիզայի ռեժիմի շուտափույթ ազատականացում

Սվեն Միկսերը ցանկանում է տեսնել ԵՄ եւ Հայաստանի միջեւ վիզայի ռեժիմի շուտափույթ ազատականացում

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը ցանկանում է տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց Երևանում հունիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը տեղի կունենա Էստոնիայի նախագահության օրոք, քանի որ այս տարի այն ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը:

«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց չեմ կարող ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,-ասաց նա:

Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը Հայաստան է այցելել հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Արդեն իսկ կայացել են Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների բանակցությունները: Այսօր առավոտյան Էստոնիայի արտգործնախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ վարչապետի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում