Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է երկրում միջուկային էներգետիկայի զարգացումից հրաժարվելու մասին

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է երկրում միջուկային էներգետիկայի զարգացումից հրաժարվելու մասին

Կորեայի Հանրապետությունում ատոմային Էներգետիկայի զարգացմանը միտված քաղաքականությունը կդադարեցվի: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն այս մասին հայտարարել է երկրի հարավ – արեւելքում «Կորի-1» ատոմային Էլեկտրակայանը շահագործումից հանելու՝ հունիսի 19-ին կայացած արարողության ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այս իրադարձությունը անվտանգ Էներգետիկայի ստեղծման նոր ուղու սկիզբն է, որը ապահովի Էկոլոգիայի պահպանումը եւ Կորեայի Հանրապետության կայուն աճը»,– ընդգծել է նախագահը: Նրա խոսքով՝ Հարավային Կորեան, որն աշխարհում ատոմակայանների ամենախիտ դասավորությամբ երկիրն է, «այլեւս անվտանգ չէ երկրաշարժերից»: Մուն Չժե Ինն ընդգծել է, որ նոր հուժկու երկրաշարժի հետեւանքով ատոմային Էլեկտրակայնների վնասումը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների:

Նախագահը խոստացել է, որ կձեռնարկի գործող ատոմակայանների անվտանգության ապահովման միջոցներ, իսկ նոր ԱԷԿ-ների կառուցման բոլոր պլանները կդադարեցվեն: Բացի դրանից, գործող օբյեկտների աշխատանքի ժամկետը չի երկարացվի երաշխիքային շրջանից ավելի: Փոխարենը պլանավորվում է զարգացնել Էներգիայի վերականգնվող աղբյուրների ճյուղը:

Հարավային Կորեայում ներկայում գործում են չորս խոշոր ատոմակայաններ՝ 23 էներգաբլոկներով, որոնք արտադրում են երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում