Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի և Թրբանճյան ընտանիքի անդամների մասնակցությամբ հունիսի 19-ին բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը:
«Մենք փառք ենք տալիս երկնավորին, որ իր շնորհները տվեց այս հինավուրց վանական համալիրին: Խորհրդային անաստվածության տարիներին այս վանական համալիրը հռչակվել էր որպես պատմական հուշարձան: Այս վանքի դռները փակվել էին մեր ժողովրդի հավատավոր զավակների առաջ: Մեր հոգին այսօր երգում է ու ցնծում, քանի որ բազում հավատավոր զավակներ իրենց աղոթքն են բարձրացնում այս հնամենի տաճարից: Այս նպատակն էր, որ մեզ առաջնորդեց տարիներ առաջ, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք այս վանական համալիրում վերականգնելու նաև կրթական մշակույթը: Մենք վստահ ենք, որ այստեղ կրթվող սաներով պետք է կրկին ծաղկի ու պայծառանա այս հինավուրց վանական համալիրը, վանական կյանքը պետք է ծաղկի այս կամարներից ներս»,- նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փաստելով, որ սա մասն է այն ընդարձակ ծրագրի, որ իրականացվելու է:
«Սա ծրագրի առաջին շրջափուլն է՝ հաջորդը պետք է լինի վանքի վերանորոգումը և տարածքի բարեկարգումը: Միաժամանակ, այնուհետ պետք է կառուցենք այս կրթական հաստատության հանրակացարանային հատվածը՝ մեծացնելով այստեղ սովորող սաների թվաքանակը և այս ամենի համար մենք մեր շնորհակալությունն ենք կրկին բերում Թրբանճյան ընտանիքին»,-հավելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս ընթացքում:
Միջոցառմանը մասնակցում էին Ջերալդ և Փաթրիիսիա Թրբանճյանների զավակները՝ Լորի Մնչերյանը, Փոլ և Գերի Թրբանճյանները և իրենց զավակները: Հենց Թրբանճյանների աջակցության շնորհիվ է, որ վերականգնվել է ոչ միայն նոր մասնաշենքը, այլ նաև այն մասնաշենքը, որտեղ անցած 5 տարիների ընթացքում կրթական ծրագիր է իրականացրել Թրբանճյան ընծայարանը ու ապահովվել է հաստատության կեսագործունեություն:
2012 թվականի փետրվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ, Հառիճավանքի դպրոցում, որը սկսեց կոչվել ընծայարան, կազմակերպվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի նախապատրաստական լսարան.առաջին 8 շրջանավարտներն արդեն 2012 թ.-ի օգոստոսին մասնակցեցին Գևորգյան ճեմարանի ընդունելության քննություններին: 2012-2013 թվականի ուսումնական տարվանից՝ Վեհափառ Տիրոջ տեսիլքի համաձայն, Հառիճավանքի ընծայարանը սկսեց գործել իբրև ավագ դպրոց՝ իր գիրկն ընդունելով 47 աշակերտի:
«2012 թվականից, Թրբանճյան ընտանքի աջակցության շնորհիվ այս հաստատությունն իր արժանի տեղն է գրավել Մայր Աթոռի հոգևոր կրթական բարձրագույն հաստատությունների շարքում: Անցած 5 տարիների ընթացքում կրթօջախն ունեցել է 50-ից ավելի շրջանավարտներ, ովքեր համալրել են ինչպես հոգևոր այնպես էլ աշխարհիկ կրթօջախները: Այսօր ուրախանալու այլ առիթ էլ ունենք՝ վերակառուցվել ու նոր շունչ է առել Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի կողմից կառուցված վեհարանի մասնաշենքը: Այն նույնպես ծառայելու է ընծայարանի կարիքներին»,-իր խոսքում նշեց Մայր Աթոռի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Այս ուրախ առիթով մեր որդիական շնորհակալությունն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին և շատ սիրելի բարերարներին որոնց նախանձախնդիր աշխատանքի ու նվիրատվության շնորհիվ այսօր ունենք այն՝ ինչը բոլորս վայելում ենք»,-իր ողջունի խոսքում նշեց Արթիկի թեմի հոգևոր առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը :
Հետևեք մեզ նաև Telegram-ում